Տեսակետների շարք. Թամարա Ոսկանյան

«Տեսակետների շարք՝ էթնիկ փոքրամասնությունների կանանց աշխատանքային պրակտիկայի մասին» նախագծի շրջանակներում, «Union Freya»-ի և «Ալիք Մեդիայի» համագործակցությամբ ու «Վրաստանում կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ ներկայացնում ենք էթնիկ փոքրամասնությունների կանանց աշխատանքային փորձի մասին հոդվածաշար։ Մեր զրուցակիցն է Ծալկայի մունիցիպալիտետի Կիզիլքիլիսա գյուղի հանրային դպրոցի աշխատակից Թամարա Ոսկանյանը:

Ինչպիսի՞ն է ձեր ուղին դեպի բարձրագույն կրթություն: Ի՞նչ փուլեր եք անցել մինչ մասնագիտություն ընտրելը։

Միշտ երազել եմ ուսումս շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում և չէի էլ պատկերացնում, որ երբևէ կկարողանամ, թեև կարծում էի, որ եթե ուզում եմ ինչ-որ բանի հասնել, ապա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեմ։ Ամենադժվար պահը, երևի, առաջին քայլն անելն էր՝ այն ռիսկային էր: Դպրոցն ավարտելուց հետո, չնայած վրացերենի չիմացությանը, որոշեցի մասնակցել միասնական ​​քննություններին։ Ու ես ընդունվեցի ԲՈՒՀ։ Ինձ համար շատ ուրախալի պահ էր դա, ես այս աշխարհի ամենաերջանիկ մարդն էի։

ԲՈՒՀ ընդունվելիս ի՞նչ խոչընդոտի եք բախվել:

Ընտանիքիս անդամներն ու ծնողներս միմիայն աջակցել են ինձ։ Նրանց համար էլ էր մեծ երազանք, որ իրենց երեխան ուսումը շարունակի բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Նրանք շատ հպարտ էին ինձնով։ Սրան գումարվեց նաև այն, որ հինգ անգամ արժանացել եմ պետական ​​կրթաթոշակի։

Ի՞նչը մղեց ձեզ, որ նախընտրեք այդ մասնագիտությունը:

Երբ վրացերենի մեկամյա դասընթացն ավարտելուց հետո եկավ մասնագիտություն ընտրելու պահը, առաջնահերթությունը տվեցի միջազգային հարաբերություններին։ Ինձ շատ էր հետաքրքրում այդ մասնագիտությունը, ծնողներս հավատում էին, որ կարող եմ հաջողության հասնել այդ ոլորտում։ Հիմա էլ, երբ հետ եմ նայում, համոզվում եմ, որ իմ մասնագիտական ​​ընտրությունը եղել է կյանքիս լավագույն ընտրություններից մեկը։

Իսկ հետո, երբ 21 տարեկան էի, Covid-ի համաճարակի պատճառով ուսումը դարձավ առցանց, և ես այլևս չէի կարողանում գրադարան գնալ, այլևս չէի կարող ժամանակ տրամադրել «դասական» ուսմանը, հետևաբար որոշեցի այլ բանով զբաղվել։ Իմ սեփական բիզնեսը հիմնեցի։

Ես սիրում եմ ծաղիկներ՝ և՛ նվիրել, և՛ նվեր ստանալ: Նախկինում մեր գյուղում ծաղկի խանութ չկար, և ծաղիկներ գնելու համար մենք միշտ պետք է Թբիլիսի գնայինք: Ծաղիկների հանդեպ սերս վերածվեց բիզնեսի. հիմա ծաղկի կրպակ ունեմ և զբաղվում եմ ծաղկի վաճառքով:

Իմ աշխատանքում ամենահաճելի պահը նվեր ստացած ծաղիկներով մարդկանց ուրախ արձագանքներն են։

Ո՞ր ոլորտներում եք աշխատել՝ մասնավոր կամ պետական:

Ուսանողական տարիներին` ուսմանը զուգահեռ, վեցամսյա պրակտիկա եմ անցել Խորհրդարանում։ Հետագայում, երբ չորրորդ կուրս էի, մեր գյուղի դպրոցի տնօրենից դպրոցում աշխատելու առաջարկ ստացա և սկսեցի աշխատել որպես կոորդինատոր։ Այժմ աշխատում եմ դպրոցում և միաժամանակ վարում եմ իմ փոքր բիզնեսը:

Ի՞նչ խոչընդոտներ եք հաղթահարել ուսման կամ աշխատանքի ընթացքում:

Սովորելու ընթացքում ամենամեծ խոչընդոտը սկզբնական շրջանում վրաց լեզվի չիմացությունն էր։ Սակայն դասախոսներն ու ուսանողները ինձ շատ էին օգնում, աջակցում էին ամեն ինչում և իմ դրության մեջ մտնում։

Տարբեր ժամանակներում իմ հասցեին միշտ էլ եղել են քննադատություններ, ասեկոսեներ, թեև ես դրան նայում եմ հակառակ կողմից և օգտագործում որպես գործունեության ազդակ։

Ի՞նչ է ձեզ տալիս էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ լինելը: Երբևէ զգացե՞լ եք խտրականության դրսևորում էթնիկ պատկանելության պատճառով:

Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների համար ավելի հեշտ է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել՝ ընդամենը մեկ քննությամբ, և դա ինձ համար դրական խտրականություն է։ Այնուամենայնիվ, ամենամեծ խոչընդոտը լեզվի չիմացությունն է եղել:

Ձեր կարծիքով` ի՞նչ խոչընդոտների են հանդիպում էթնիկ փոքրամասնությունների կանայք աշխատանքային գործունեության ընթացքում:

Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ կարծրատիպերն ու հասարակության վերաբերմունքը ինձ միայն ուժ են տվել։ Երբ սկսեցի իմ բիզնեսը և բացեցի ծաղկի խանութ, վստահ եմ, որ շատերը մտածում էին. «Ո՞վ է այս փոքրիկ աղջիկը, որ կարողանա ինչ-որ բան անել»։ Եւ հենց ինձ համոզելու համար սկսեցի, առաջին հերթին ինձ և բոլորին համոզելու համար, որ այս տարիքում աղջիկը շատ բան կարող է անել։

Իսկ էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող կանանց համար հիմնական խոչընդոտը վրացերենի չիմացությունն է. դա նրանց խանգարում է հետևել նոր տեղեկատվական հոսքին և իրականացնել իրենց ծրագրերը: