Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները հասան իրենց նպատակին: Համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապավան մայիսի 1-ից հրաժարական կտա: Մինչ այդ` կընտրվի ռեկտորի պաշտոնակատար:
Այս մասին գիտխորհրդի 2 ժամ տևած նիստից հետո հայտարարել է համալսարանի ռեկտորը`Վլադիմիր Պապավան: Նա նաև նշել է, որ հունիսի 1-ից կդադարեցվեն համալսարանի գիտխորհրդի լիազորությունները,սակայն մինչ այդ գիտխորհուրդը կընտրի նոր կանցլեր՝ այսինքն աշխատակազմի ղեկավար:
Չնայած սրան, Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողական ինքնակառավարում մարմնի որոշ ներկայացուցիչների կազմակերպած հացադուլը շարունակվում է: Հացադուլի հիմնական պատճառը ռեկտորի հրաժարականն է:
Նրանց խոսքով` համալասարանի ռեկտոր Վլադիմիր Պապավան տարիներ շարունակ թաքցրել է, որ համալսարանում գործունեություն է իրականացնում Պետական անվտանգության գործակալության գործակալը, այսպես կոչված` օդեերը: Այդ իսկ պատճառով ռեկտորը պետք է լքի իր պաշտոնը:
Մարտի 29-ից սկսված հացադուլին մասնակցում է ինքնակառավարման 7 անդամ: Ինքնակառավարման ղեկավար Իրակլի Սաբաուրին ասում է.
«Առաջիկայում մեզ շատերը կմիանան, եւ հացադուլը կշարունակվի այնքան, մինչեւ մեր պահանջները կընդունվեն : Մի քանի փաստ կա, ինչի պատճառով պահանջում ենք Պապավայի հրաժարականը: Առաջինը դա այն է, որ համալսարանի առաջին դեմքը վերջերս համալսարանում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվությունը չի ստանձնել: Երկրորդը ` ռեկտորի կողմից գործած հանցանքներն են` նոյեմբերից մինչեւ այսօր: Այն որ օդեեր կա համալսարանում, իսկ մենք դրա մասին չգիտենք, արդեն իրավունքի խախտում է համարվում: Այդ մասին իմանալն ու թաքցնելը կրկնակի հանցանք է: Երրորդը` խոշոր չափերի ֆինանսական ծախսերն են. ռեկտորի գրասենյակը 2015 թվականի ընթացքում ծախսել է 596000 լարի: Անցումային ժամանակաշրջանում երբ սովորաբար համալսարանի բյուջեն կազմում էր ավելի քան 10 միլիոն, այժմ չի հասնում 1 միլիոնի սահմանագիծը: Սա համալսարանի ճգնաժամի սկիզբն է»:
Իրակլի Սաբաուրին նշեց նաեւ, որ համալսարանում են աշխատում նախկին նախագահ Էդվարդ Շեվարդնաձեի իշխանության տարիներին տարբեր պաշտոններ զբաղեցրած «չինովնիկներ»: Նրանց թվում է, օրինակ, աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին խորհրդատու Զուրաբ Կուբլաշվիլին: Վերջինս մինչ այդ աշխատել է Սահմանադրական անվտանգության դեպարտամենտում ու ՆԳՆ-ում:
Ուսանողների տեղեկացմամբ` օրերս համալասարանի ռեկտորը խոստովանել է, որ վերոնշյալ անձը իր կնոջ զարմիկն է: Հատկանշական է, որ մարտի 10-16-ը ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայից հետո նա հրաժարական է տվել: Սրանից բացի` Սաբաուրին հիշատակեց եվս մի քանիսի անունները.
«Ռեկտորը երեկ հայտարարեց, որ համալսարանի «Մաղլիվ» կոչվող մասնաշենքի վարչական մասի աշխատակից Ավթանդիլ Լոմիձեն նույնպես լքել է պաշտոնը: Լոմիձեն եվս պաշտոն է զբաղեցրել Շեվարդնաձեի իշխանության տարիներին. աշխատել է Անվտանգության նախարարությունում: Այսպիսի մարդկանց թիվը ցուցակում շատ է»:
Հիշեցնենք նաեւ, որ մարտի 10-16 տևած բողոքի ակցիային մասնակցել է ոչ միայն համալսարանի ուսանողական ինքնակառավարումը, այլեւ «115-րդ լսարան» ուսանողական շարժումը: Նկատենք, որ շարժումը ուսանողների շրջանում ձևավորվեց ակցիայի օրերին:
Շարժման ներկայացուցիչ Մարիամ Գուլիաշվիլին նշեց, որ իրենց պահանջն է` բարեփոխումներ իրականացնել ողջ համալսարանում, ինչպես նաեւ ինքնակառավարման ներսում, քանի որ այս մարմնի գործունեությունն իրենց վստահություն չի ներշնչում.
«Ինքնակառավարումը չի համարվում օրինական մարմին, հետեւաբար նրանց որոշումները նույնպես չեն կարող օրինական լինել: Մեր նպատակը համակարգային փոփոխություններ իրականցնելն է, իսկ ինքնակառավարումը պահանջում է, որ փոխվեն կոնկրետ պաշտոնյաներ, հետեւաբար մեր պահանջները չեն համընկնում: Ճիշտն ասած` մեզ չեն էլ հետաքրքրում նրանց պահանջները, քանզի նրանց չենք համարում օրինական մարմին եւ չենք կարծում, որ համալսարանը պիտի հաշվի առնի դրանք» :
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Թամար Սանիկիձեն ուսանողների հետ մարտի 23-ին կայացած հանդիպման ժամանակ բարձր է գնահատել ուսանողների` փոփոխություններ իրականացնելու պահանջը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոփոխություններ իրականացնելու ժամկետները: Համաձայնություն է ձեռք բերվել, որ արդյունքում ուսանողների առաջարկները ամրագրվեն օրենքով: