Թբիլիսիում անհայտ անձը հարձակվել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության (ՀԸ) համահիմնադիր, հեռուստահաղորդավար Միշա Մշվիլդաձեի վրա, փոխանցում է «Ֆորմուլա»-ն:
Ըստ Մշվիլդաձեի՝ անհայտ անձը հարձակվել է «Քարֆուր» սուպերմարկետի մոտ:
«Ականջակալներ էի կրում, նույնիսկ չէի լսել, որ նա ինձ ինչ-որ բան է ասում։ Երկու հոգի կանգնած էին մուտքի մոտ, նրանցից մեկն ինձ քաշեց դեպի իրեն ու հենց մուտքի մոտ բռունցքով հարվածեց դեմքիս, այնուհետև մեջքիս:
Գիտեմ, որ մուտքի մոտ տեսախցիկ կա: Սուպերմարկետի ներսում էլ տեսախցիկներ կլինեն… երբ նկատեցին, որ անվտանգության աշխատակիցը մոտենում է, փախուստի դիմեցին…»,- ասել է Մշվիլդաձեն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 126 հոդվածի (բռնություն) հատկանիշներով։