Դենդրոլոգիական այգու սեփականատեր է դարձել Եկատերինե Խվեդելիձեն՝ ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կինը։ Այս փոփոխությունը հանրային ռեգիստրում արտացոլվել է այս տարվա հունիսի 6-ին։
Մասնավորապես, ռեգիստրի տվյալների համաձայն, Եկատերինե Խվեդելիձեն դարձել է «Ուրեկի Ռեզիդենս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսի սեփականատերը։ Մինչ այդ ընկերությունը պատկանում էր նրա որդուն՝ Բերա Իվանիշվիլիին։
Հատկանշական է, որ «Ուրեկի Ռեզիդենս» ՍՊԸ-ն հիմնադրել է Բիձինա Իվանիշվիլին 2016 թվականին, և ընկերությունը պատկանում էր նրան մինչ 2017 թվականը, երբ վերջինս վերագրանցվեց որդու՝ Բերա Իվանիշվիլիի անունով։
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով` կապ չունի, թե դենդրոլոգիական այգին Բիձինա Իվանիշվիլիի որդու, թե կնոջ անունով է գրանցված։ «Դա տեխնիկական խնդիր է»,- ասել է նա՝ ընդդիմությանը մեղադրելով այս թեմայով շահարկումների համար։
Նշենք, որ Գուրիայի դենդրոլոգիական այգին բացվել է 2020 թվականի հուլիսին։ Այգու տարածքը 60 հեկտար է և ներառում է տեղական ու համաշխարհային էկզոտիկ բուսականության հազարավոր տեսակներ։