Թամար Բաչալիաշվիլիի գործով նախկին քննիչ Սերգո Շուբիթիձեն, որը կալանավորվել է սուտ ցուցմունք տալու մեղադրանքով, ընդունել է մեղքը, մեղադրյալի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Շուբիթիձեի փաստաբան Դարեջան Բուցխրիկիձեն։
Նրա խոսքով, Շութիթիձեն խոստովանել է և զղջում է սուտ ցուցմունք տալու համար:
Բաչալիաշվիլիի գործով նախկին քննիչ Սերգո Շուբիթիձեն ձերբակալվել է հունիսի 25-ին։
Վրաստանի դատախազության տվյալներով, Շուբիթիձեն դատարանում որպես վկա հարցաքննության ժամանակ կրկնել է հեռուստաընկերություններից մեկում արած հայտարարությունները, որոնք կեղծ տեղեկություն են պարունակել և նպատակ են ունեցել մոլորեցնելու Բաչալիաշվիլիի ընտանիքին, հասարակությանը, քննչական գործակալությանը և արդարադատությանը։
Ի դեպ, 2023 թվականի ապրիլի 29-ին «Ֆորմուլա»-ին տված հարցազրույցում նախկին քննիչն ասել էր, որ Բաչալիաշվիլիի ինքնասպանության վարկածն իր համար համոզիչ չէ:
Հետաքննությունը նշում է, որ Բաչալիաշվիլիի մահվան գործով տարբեր ժամանակահատվածներում արձանագրվել են ապացույցների կեղծման փաստեր՝ ընտանիքի անդամներին և հանրությանը մոլորեցնելու նպատակով։
Հիշեցնենք. 23-ամյա Բաչալիաշվիլին անհետացել է 2020 թվականի հուլիսի 18-ին։ 4-օրյա որոնումներից հետո հուլիսի 22-ին նրա դին գտել են ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կայանված իր մեքենայում՝ Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետի Մածևանի գյուղի տարածքում գտնվող անմարդաբնակ վայրում։
Հետաքննությունն ի սկզբանե իրականացվել է ազատությունից ապօրինի զրկելու գործով, դիակի հայտնաբերման երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, առաջադրվել է Բաչալիաշվիլիի ինքնասպանության վարկածը։
Դատախազությունը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Բաչալիաշվիլիի նկատմամբ հանցագործություն չի կատարվել, նա ինքնասպան է եղել, և գործն այս եզրակացությամբ փակվել է։
Հատկանշական է, որ ընտանիքն առաջին իսկ օրից պնդում է, որ Բաչալիաշվիլին սպանվել է: