Այսօր՝ հունիսի 26-ին, երկօրյա այցով Թբիլիսի կժամանի պատժամիջոցների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը։
Տեղեկությունների համաձայն, Օ’Սալիվանը Վրաստանի իշխանությունների հետ կքննարկի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ պատժամիջոցներն ու դրանց արդյունավետ իրականացումը։
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի, փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Արչիլ Մեստվիրիշվիլիի, գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: Օ’Սալիվանը կհանդիպի նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Ըստ տեղեկությունների՝ այցին կմասնակցեն նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջիմ Օ՛Բրայենը և Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր տնօրեն Կումար Աիերը: