Այսօր՝ հունիսի 24-ին Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցավ «Փակեք Ռուսաստանի հետ սահմանը» պահանջով բողոքի ակցիա։ Ցույցը կազմակերպել էր «Ուսանողները եվրոպական ապագայի համար» շարժումը։
Բողոքի ակցիայի դրդապատճառը, ըստ ցուցարարների, Ռուսաստանում կատարվող վերջին իրադարձություններն են․
«ՌԴ-ում ընթացող ներքին ռազմական հակամարտության ֆոնին Ռուսաստանի նոր քաղաքացիների հոսքը Վրաստան` ավելի հավանական է դառնում։
Պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար Վրաստանը պետք է դադարեցնի ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը և փակի Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային սահմանը», — նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մինչ այդ էլ բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ կոչ են արել Վրաստանի իշխանություններին փակել սահմանը՝ ռուս փախստականների հնարավոր հոսքից և դրանից բխող հետևանքներից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար: Պրիգոժինը հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում անել Ռուսաստանում։ Իր այդ քայլը նա անվանել է «Արդարության երթ»։
Հունիսի 24-ի առավոտյան «Վագներ»-ի հիմնադիրները գրավել են Դոնի Ռոստովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրանք վերահսկում են Վորոնեժի մի քանի ռազմական օբյեկտներ։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ մարզում «օպերատիվ մարտական գործողություններ» են ընթանում։
Պրիգոժինը Telegram-ի ալիքում գրել է, որ «Վագներ»-ի ընկերության վարձկանները շարժվում են դեպի Մոսկվա:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկուշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքում ոչ աշխատանքային օր է հայտարարել։ Մոսկվայի քաղաքապետի խոսքով, «հակաահաբեկչական գործողություն» է ընթանում։ Ըստ նրա՝ իրավիճակը ծանր է։
Մոսկվայի քաղաքապետը կոչ է անում համաքաղաքացիներին զերծ մնալ քաղաքում երթևեկելուց, քանի որ որոշ թաղամասերում փողոցների տարբեր հատվածներ գուցեև փակ կլինեն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը նախատեսում է տուգանքներ և 30-օրյա վարչական կալանք ռազմական դրությունը խախտելու համար։
Վրաստանից հնչող արձագանքների մասին կարդացեք ստորև․
Ռուսաստանում ռազմական հեղաշրջո՞ւմ. Վրաստանից հնչող արձագանքները