Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանը և Ղազախստանը կարող են կարևոր դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային համագործակցության առումով:
Սմաիլովը նշել է՝ Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու վրա։
«Բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են դիրքորոշումները, որպեսզի Վրաստանն ու Ղազախստանը կարողանան կարևոր դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտի առումով։ Հատուկ ուշադրություն է դարձվել անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու վրա։ Անցած տարի այս ուղղությամբ բեռնաշրջանառությունն աճել է 2 անգամ, իսկ կոնտեյներային փոխադրումները՝ 30 տոկոսով։ Դրական դինամիկան շարունակվում է մինչ օրս»,- նշել է Ղազախստանի վարչապետը:
Ըստ նրա՝ այս ուղղությամբ ցանկություն են հայտնել միջնաժամկետ հեռանկարում բեռնաշրջանառությունը հասցնել 10 մլն տոննայի։