Եվրամիությունը Վրաստանին խորհուրդ է տալիս արագացնել աշխատանքները բոլոր ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ։ Այս մասին Եվրոպական միության ընդհանուր գործերի խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:
Ի դեպ, նիստում Եվրահանձնաժողովը բանավոր միջանկյալ գնահատական է տվել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջարկությունների կատարման վերաբերյալ։
«Մենք պատրաստ ենք օգնել Վրաստանին, բայց չափանիշները պետք է պահպանվեն բոլորի կողմից։ Իմ հանձնարարականն է Վրաստանի կառավարությանը՝ արագացնել աշխատանքները բոլոր ուղղություններով»,- ասաց Վարհեին։
Հանձնակատարի խոսքով, ինքը լիովին տեղեկացված է Վրաստանում հասարակական տրամադրությունների մասին։ Ըստ նրա՝ Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելն արդեն հիմնարար քայլ է Եվրոպական խորհրդի կողմից:
Բացի այդ՝ նա նշել է, որ Եվրահանձնաժողովը աշնանը, ընդլայնման փաթեթի շրջանակներում, չի գնահատի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջընթացը միայն 2022 թվականին սահմանված չափանիշներով։
Հիշեցնենք. 2022 թվականի հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին միայն եվրոպական հեռանկար։ Բացի այդ, երեք երկրներն էլ ունեն սահմանված պայմաններ, որոնք պետք է կատարվեն։ Եվրամիությունից հայտնել են, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ կստանա Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները կատարելուց հետո։
Հունիսի 22-ին հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականը, ըստ որի՝ Վրաստանը 12 հանձնարարականներից միայն 3-ն է ամբողջությամբ կատարել։