Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է Ճիաթուրայի հանքերը հանձնել հանքափորների կառավարմանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած «Ջորջիան Մանգանեզ»-ի՝ աշխատակիցների և գործատուի միջև համաձայնության գալու բազմաթիվ փորձերին ու առաջարկներին, աշխատակիցներից ոմանք դիմել են բողոքի արմատական ձևի։ Ըստ հայտարարության՝ ընկերության համար աշխատողների առողջության և անվտանգության պաշտպանությունը հիմնական արժեքն է:
«Ելնելով վերոգրյալից՝ ընկերությունն արձագանքում է ընթացիկ գործողությունների ընթացքում բազմիցս հնչեցված պահանջին՝ Ճիաթուրայի հանքերը հանքափորներին հանձնելու վերաբերյալ։ Մեր նպատակն է ժամանակին լուծել ստեղծված ճգնաժամային իրավիճակը, դադարեցնել բողոքի արմատական ձևը, աշխատակիցներին վերադարձնել աշխատանքային գործընթաց, վերականգնել քաղաքի առօրյա ռիթմը։
Դրա համար ընկերությունը պատրաստ է աշխատակիցների պատասխանատվությունը ստանձնելու դեպքում և լիակատար կոնսենսուսով Ճիաթուրայի հանքերը հանձնել հանքափորների կառավարմանը»,- նշված է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ չի նշվում, թե կառավարման ինչ մոդել է ընկերությունն առաջարկում հանքարդյունաբերողներին։
Ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Լյուքսենբուրգում գրանցված «Ջորջիան-ամերիքըն Էլոիզ» ՍՊԸ-ն է: Ընկերությունն արտադրում է բարձր և միջին որակի սիլիկոմանգան, որն արդյունահանվում է յոթ հանքավայրերից և ութ քարհանքերից։
Ուշագրավ է նաև, որ պետության կողմից երկար տարիներ հատուկ կառավարիչ է նշանակվել «Ջորջիան Մանգանիզ»-ում, որոշումը կայացրել է շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը՝ դատարանի հավանությամբ։
Հիշեցնենք՝ Ճիաթուրայի հանքափորները 2 շաբաթից ավելի է գործադուլ են անում, նրանցից մոտ 10-ը դեռ հացադուլի մեջ են։ Հանքափորներից ոմանք նույնպես ի նշան բողոքի կարել են աչքերը, բերանը։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել բավարարելու գործադուլավորների բոլոր պահանջները, բացառությամբ աշխատավարձի պահանջվող տոկոսային բարձրացման։
Նշենք, որ այսօր՝ ժամը 19:00-ին, հանքափորները խորհրդարանի մոտ կրկին ցույց են նախատեսում:
Ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն պետությունն է. Սալոմե Շուբլաձե