Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը վրաց-ռուսական «Վերին Լարսի» անցակետում հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսական շրջափակումը ճեղքվում է, գրում է Netgazeti-ն՝ հենվելով ռուսական աղբյուրներին:
«Հիմա «Վերին Լարս»-ում ճեղքվում է եվրոպական երկրների կողմից մեր դեմ կազմակերպված տնտեսական շրջափակումը։ Հյուսիս-Հարավ միջանցքով մենք կարող ենք 15 միլիոն տոննա բեռ տեղափոխել»,- ասել է Դավիդովը:
Ըստ նրա՝ 2022 թվականի նախորդ 5,5 ամիսների ընթացքում (Դավիդովը չի հստակեցրել ամիսները- խմբ.) Հյուսիսային Կովկասի մաքսակետով երկու կողմ գնացող 5,6 միլիոն տոննա բեռ է տեղափոխվել, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 7,8 միլիոն տոննա:
Դավիդովի խոսքով, 2023 թվականին այս մաքսակետում բեռնաշրջանառությունը կգերազանցի 15 մլն տոննան. «Միայն «Վերին Լարս»-ում բեռնաշրջանառության ավելի քան 20 տոկոս աճ ունենք»:
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը «Վերին Լարս»-ի անցակետում խելացի սկանավորման համակարգ կներդնի։ Համակարգը հիմնականում կներդրվի ռուսական մաքսակետերում, իսկ անցակետը կդառնա պիլոտային կետ:
Ի դեպ, Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը կտրուկ աճել է։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենի՝ Վրաստանն այն հինգ պետություններից մեկն է, որը նպաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցմանը:
Վրաստանն ու Հայաստանը ՌԴ-ին օգնում են շրջանցել պատժամիջոցները. Օ’Բրայեն