Եվրոպայի խոշորագույն քաղաքական միավորման` Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը Վրաստանում հանդիպումներ է ունենում նախկին իշխանության տարիներին ղեկավար պաշտոններ զբաղեցրած, այսօր ճաղերի հետևում գտնվող գործիչների հետ:
Մարտի 30-ին կուսակցության նախագահը այցելել է քրեակատարողական 9-րդ հիմնարկ, որը առավել հայտնի է Մատրոսովի բանտ անունով: Այստեղ են իրենց պատիժը կրում նախկին իշխանության ղեկավար դեմքերից Վանո Մերաբիշվիլին, Բաչո Ախալայան և Գիգի Ուգուլավան:
Քրեկատարողական հիմնարկի մոտ հավաքվել էին բանտարկյալների ընտանիքների անդամներն ու մտերիմները, ովքեր պաստառներ էին պարզել և Եվրոպայի խոշորագույն քաղաքական կուսակցության ղեկավարից խնդրում էին աջակցել դատապարտյալներին:
«Ես Նինո Խվիդիան եմ, մենք եկել ենք բողոքելու բանտարկյալների հանդեպ անօրինական դատավճիռներ կայացնելու դեմ: Այստեղ հիմնականում քաղբանտարկյալների հարազատներն են: Եկել ենք պարոն Դոլին տեղեկացնելու բանտարկյալների գործերի մամրամասների հետ, որպեսզի նա հնարավորության սահմաններում աջակցի»:
Դատապարտյալների հետ հանդիպումից հետո Ժոզեֆ Դոլին լրագրողների հետ զրույցում նշեց.
«Առաջին հերթին կցանկանային փոխանցել այն, ինչ ինձ են փոխանցել բոլոր երեքը: Նրանք պայքարում են, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր դառնա: Ես տեղեկացրի, որ ժողովրդավարության զարգացման համար մենք արագացնում ենք եվրաինտեգրման գործընթացը: Բացի դրանից` շատ կարևոր է ուշադրություն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարին: Ինչպես տեսնում եք, ես շատ հուզված դուրս եկա այստեղից. երբ մարդը նստած է բանտում դա կատակ չէ: Անկախ նրանից թե ինչ պաշտոն ես զբաղեցրել նախկինում, մտնելով բանտ` դառնում ես սովորական բանտարկյալ և մնում այնտեղ: Առավել ևս, որ արդարարադատությունը միշտ չէ, որ կարող է արդար լինել»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում գալով իշխանության` «Վրացական երազանքը» սկսեց հետաքննել նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի ղեկավարած` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մի շարք անդամների իրականցրած գործունեությունը:
Արդյունքում խոշոր գումարների յուրացման, ծառայողական լիազորությունների չարաշահման և այլ մեղադրանքներով ազատազրկման ենթարկվեցին նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ՆԳ նախարար Բաչո Ախալայան, քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհակալություն հայտնեց ներկա իշխանություններին` բանտարկյալների հետ զրուցելու հարավորություն տալու համար:
Նա նաև անդրադարձավ Եվրամիության հետ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցին, մասնավորապես նշելով.
«Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ դա գործընթաց է, որը շարունակվում է… Կարծում եմ` դրական ավարտ է ունենալու, սակայն չեմ կարող ասել, թե դա հունիսի 15- ին տեղի կունենա, թե տարվա վերջում»:
cw/