Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն պնդում է, որ Վազիանիի քաղաքացիական օդանավակայանի կառուցումը չի խոչընդոտի ռազմակայանի շահագործմանը։
Բուրճուլաձեի խոսքով, Վազիանիում քաղաքացիական օդանավակայանի հարցը քննարկվում է մեծ խմբով, պաշտպանության նախարարության և իրավասու գերատեսչությունների ներգրավմամբ, և ոչ ոք բազայի շահագործման խնդիր չի տեսնում:
«Մենք սրա մեջ ոչ մի խնդիր չտեսանք։ Բնականաբար, ուսուցման և բազայի աշխատանքի ընդհատումներ չեն լինի։ Ոչ ոք այս առումով որևէ խնդիր չի տեսնում։ Մենք ամեն ինչ արել ենք այս հարցը մեծ խմբով քննարկելու համար»,- ասել է նախարարը։
Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 5-ին հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է Վազիանիի նախկին օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը։
Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը նախատեսում է զարգացնել այս ոլորտը երկրում ու Վրաստանը դարձնել «ավիացիոն հանգույց» տարածաշրջանում, և դրա համար Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքը բավարար չէ, իսկ Վազիանիի նախկին օդանավակայանի տեղանքն «իդեալական է»։
2018 թվականին Վրաստանի կառավարությունը ԱՄՆ-ի հետ քննարկել է Վազիանիի ռազմական օդանավակայանի համատեղ զարգացման հնարավորությունը։ Կառավարությունը չի հստակեցնում, թե ինչ եղավ այդ նախաձեռնությունը։