«Ընդդիմությունը շտապում է ցիանիդի գործով հայտարարություններ անել՝ արդյունքում անընդունելի սխալներ թույլ տալով»,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի խոսնակը պատրիարքի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ արդյունավետ զրույց են ունեցել:
«Ես անընդունելի եմ համարում ընդդիմության կողմից գլխավոր դատախազի հրաժարականի պահանջը: Եթե նրանք տեղյակ լինեին հետաքննության ընթացքից, նման պահանջ չէին նհերկայացնի: Ես նույնպես լիովին չեմ տիրապետում մանրամասներին, ուստի կարծում եմ՝ գնահատականներ կարելի է տալ միայն հետաքննության արդյունքներն իմանալուց հետո»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի հետաքրքրված է ճշմարտության բացահայտմամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ հայր Գիորգի Մամալաձեն փորձել է ցիանիդով թունավորել Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին։ Մամալաձեն այժմ ձերբակալված է, քննությունը շարունակվում է։