Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով Edison Research-ի կողմից անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքներին, ասել է, որ հետազոտության հուսալիությունը զրոյական է, և դա տրամադրություններ ստեղծելու լոբբինգի մի մասն է:
Ըստ խորհրդարանի նախագահի՝ իշխող «Վրացական երազանքը» նաև ներքին ուսումնասիրություն ունի, թեև Պապուաշվիլիի խոսքով, իրենց վարկանիշի լավագույն ցուցանիշը միջանկյալ ընտրություններն են։
«Հուսալիությունը զրոյական է, երբ խոսում ենք Դավիթ Կեզերաշվիլիի (պաշտպանության նախկին նախարար-խմբ.) կողմից ֆինանսավորվող կազմակերպության և հետազոտությունների մասին»,- ասել է Պապուաշվիլին։
Ի դեպ, Edison Research-ի հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե խորհրդարանական ընտրություններն այսօր կայանային, հարցվածների մեծամասնությունը (37 տոկոս) պատասխանել է, որ կքվեարկեր «Վրացական երազանքի» օգտին, որին հաջորդում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (25 տոկոս), երրորդ տեղում է (6 տոկոս) նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնադրած ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը: