Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել է իր այցը Բրյուսել՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ հանդիպումներին։
Ղարիբաշվիլին խոսել է նաև հանդիպումներում քննարկված 12 հանձնարարականների կատարման կարգավիճակի և այն ակնկալիքների մասին, որ կարող է ունենալ Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկրի ընդունման հետ կապված։
«Անձամբ ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք պետք է բավական դրական ակնկալիքներ ունենանք, թեև մինչ այդ շատ բան պետք է որոշվի»,- ասել է Ղարիբաշվիլին կիբերանվտանգության ֆորումի շրջանակներում լրատվամիջոցներին տրված իր մեկնաբանությունում։
Նրա խոսքով, պետք է հանգիստ սպասել Եվրահանձնաժողովի որոշմանը։ Վրաստանի վարչապետը նշել է՝ Վրաստանը կատարել է 11 հանձնարարական, միակ չկատարված հանձնարարականը բևեռացման հաղթահարումն է: Ղարիբաշվիլին բևեռացման հարցի չկատարման մեջ տեսնում է ընդդիմության պատասխանատվությունը:
Նշենք, որ Ղարիբաշվիլին Շառլ Միշելի հետ հանդիպել է հուլիսի 14-ին։ Մինչ այդ, ապրիլի 25-ին Բրյուսելում կայացած նրանց հանդիպման օրակարգային թեման ևս Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացն էր։
Հիշեցնենք՝ 2022 թվականին Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։