Պետությունը պետք է ստանձնի լիակատար պատասխանատվություն և լուծի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության գործադուլ անող հանքափորների խնդիրը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում անդրադառնալով հանքափորների ընդվզմանը՝ ասաց Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) Սոցիալական քաղաքականության ծրագրի տնօրեն Սալոմե Շուբլաձեն:
Շուբլաձեի դիտարկմամբ` հանքափորների առաջադրած 14 պահանջների մեծ մասը վերաբերում է այն իրավունքներին, որոնք աշխատակիցներն ի սկզբանե պետք է ունենային, և դա ամրագրված է նաև Վրաստանի «Աշխատանքային օրենսգրքում»: Նրա խոսքով, սակայն, աշխատանքի ընդունվելուց սկսած` հանքափորների իրավունքները ոտնահարված են:
Սոցիալական քաղաքականության ծրագրի տնօրենն ընդգծում է՝ կարևոր է նաև նրանց աշխատավայրի անվտանգությունը, սակայն ակնհայտ է, որ հանքափորների աշխատավայրը վտանգներով լի է նրանց առողջության և կյանքի առումով:
Ըստ Շուբլաձեի՝ հանքափորների կատարած աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը նույնպես համարժեք չէ:
«Վերջին օրերին ընկերության և պետական ներկայացուցիչների հանդիպումներից երևաց, որ նրանք պատրաստ չեն բարելավել վարձատրության խնդիրը և 40 տոկոսի փոխարեն առաջարկեցին 5 տոկոս աշխատավարձի բարձրացում:
Պետության որդեգրած նման անհամարժեք, անհանդուրժողական կեցվածքը ոչ մի ելք չթողեց, դրա պատճառով էլ հանքափորները դիմեցին այնպիսի ծայրահեղ քայլերի, ինչպիսիք աչքերը և բերանը կարելն էր»,- նշեց Շուբլաձեն:
Խնդրի լուծումը նա տեսնում է պետության և ընկերության համագործակցության մեջ: Նրա խոսքով, ընկերությունն ու պետությունը պետք է նստեն և միասին մտածեն, թե ինչ ուղիներով ռեսուրսներ հայթայթեն, որ կարողանան հանքափորների պահանջներն ամբողջությամբ բավարարել.
«Իմ կարծիքով, այս իրավիճակից միակ ելքը սա է: Պետությունն ու ընկերությունը պետք է միմյանց ընդառաջ գնան, երկուստեք զիջումներ անեն, հակառակ դեպքում՝ նահանջելով խնդիրն ավելի կբարդանա: Պետությունը պետք է ընդունի իր պատասխանատվությունը և հոգա, որ գոնե աշխատավարձի բարձրացումն ապահովի»:
Ըստ նրա՝ 2017 թվականից «Ջորջիան Մանգանեզ»-ում գործում է հատուկ կառավարիչ Նիկոլոզ Չիքովանին, որին պետությունն է նշանակել: Նրա խոսքով, 2017 թվականից հենց Չիքովանին է կառավարում ընկերությունը:
«Սա կարևոր է, քանի որ այսքան տարի պետությունը կարող էր այնպես անել, որ վերոնշյալ խախտումները (առողջության, աշխատանքի և այլն) չլինեին, ինչը, ցավոք չի արվել: Սա ավելի է բարդացնում պետության պատասխանատվությունը, քանի որ այս դեպքում պետությունն ինքն է կառավարում ընկերությունը:
Անգամ այն նպատակը, ինչի համար Չիքովանիին նշանակել են իր պաշտոնում՝ շրջակա միջավայրի պաշտպանության իրավունքների հսկման համար, անգամ այդ խնդիրը լուծված չէ, ընդհակառակը՝ այդ գործընթացը ևս վատթարացել է»,- եզրափակեց Շուբլաձեն:
Ի դեպ, Շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարարությունը 2017 թվականի մայիսի 10-ին դիմել էր «Ջորջիան Մանգանեզ»-ում հատուկ կառավարիչ նշանակելու խնդրանքով՝ Ճիաթուրայում էկոլոգիական աղետից խուսափելու հիմնավորմամբ։ Նախարարության միջնորդությունը և գործի նյութերը 1 200 էջ են կազմում։ Դատավոր Նինո Բուաչիձեն 32 էջանոց վճիռ կայացրեց՝ միջնորդությունը բավարարելու և հատուկ կառավարիչ նշանակելու մասին հենց հաջորդ օրը՝ մայիսի 11-ին և նախարարության առաջարկով Չիքովանիին նշանակեց հատուկ կառավարիչ։ Չիքովանիի «Ջորջիան Մանգանեզ»-ում նշանակվելուց հետո ընկերությունը տուգանվել է գրեթե կես միլիարդ լարիով։
2020 թվականի մայիսի 8-ին երեք տարով նշանակված Չիքովանիի լիազորությունները երկարացվել են ևս 3 տարով: 2023 թվականի մայիսի 16-ին Բուաչիձեի վճռով «Ջորջիան Մանգանեզ»-ում կառավարման հատուկ ռեժիմը երկարացվել է ևս 2 տարով՝ մինչև 2025 թվականի մայիսի 9-ը։
Հունիսի 19-ին ընկերության մի քանի տասնյակ հանքափորներ «Մենք ձեզ անգամ կարած աչքերով ենք տեսնում», «Կարած բերանով էլ ճիշտը կասենք» կարգախոսներով հասել են Թբիլիսի և Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց են անցկացրել:
Արդեն երկրորդ օրն է` հանքափորները շարունակում են իրենց ակցիան: Հունիսի 20-ին նրանք խորհրդարանի շենքից երթ են կազմակերպել դեպի «Ջորջիան Մանգանեզ»-ի գլխամասային գրասենյակ:
Ավելին՝ ստորև.
Կարած աչքեր և բերան. Ճիաթուրայի հանքափորների ակցիան Թբիլիսիում