Վրաստանի «Ավտոմեքենաների տեսչական մարմինների ասոցիացիա»-ի նախագահ Վաժա Իորդանիշվիլին ասել է, որ ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումների վերահսկումը հավանաբար կսկսվի սեպտեմբերից:
«Այս մեխանիզմի կիրառումը կվստահվի Բնապահպանական վերահսկողության ծառայությանը, ինչը հետագայում կնպաստի բարեփոխման առաջընթացին»,- նշել է Իորդանիշվիլին։
Խոսելով տրանսպորտային միջոցների տեխզննման արդյունքների մասին, Իորդանիշվիլին նշել է՝ այս ուղղությամբ իրականացված փոփոխությունների արդյունքում նախորդ ամիս տեխզննումների քանակն աճել է 20 տոկոսով։
Ըստ նրա՝ Վրաստանում գրանցված է 1 մլն 600 հազար ավտոմեքենա, որոնցից 800 հազարը տեխզննման են ենթարկվել։ Տեխզննման ժամանակ թերությունների ցուցանիշը մոտավորապես 200 հազարից ավելի է։
Ի դեպ, նախատեսվում է ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումները վերահսկել հատուկ սարքերով։ Համապատասխան օրինագիծը նախաձեռնվել է խորհրդարանում, և օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ աջակցել է նախագծին։