2019 թվականի հունիսի 20-ին իշխանությունն առանց նախազգուշացման ցրեց խաղաղ, հակաօկուպացիոն ցույցը։ Ռուսթավելիի պողոտայում հավաքված քաղաքացիների վրա կրակեցին կենդանիների համար նախատեսված փամփուշտներով, օգտագործեցին արցունքաբեր գազ և ջրցաններ։
Ըստ պաշտոնական տվյալների, տուժել է 275 մարդ, որոնցից մի քանիսը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, կորցրել են աչքն ու տեսողությունը:
Հասարակության վրդովմունքի և բողոքի պատճառը ռուսական պատվիրակության մուտքն էր Վրաստան, ռուս կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի պատվին կարմիր գորգ փռելը և նրան խորհրդարանի նախագահի աթոռին նստեցնելը։
Ինչից սկսվեց այդ ամենը
2019 թվականի հունիսի 19֊ին Վրաստանում մեկնարկեց Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստը, ինչը բազմիցս արժանացել էր Վրաստանի ընդդիմության քննադատությանը։ Պատճառն այն էր, որ նշված վեհաժողովի նախագահ էր ընտրվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը բազմիցս խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին օրենքը:
Հունիսի 20-ին վեհաժողովի մասնակիցները տեղափոխվեցին Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ, որտեղ հերթական հանդիպումը պետք է անցկացվեր: Հանդիպման սկզբին ռուս պատգամավորը զբաղեցրեց խորհրդարանի նախագահի աթոռը, ինչից հետո բողոքի մեծ ալիք բարձրացավ թե՛ ընդդիմության, թե՛ հասարակության շրջանում:
Ընդդիմադիր պատգամավորները ներխուժեցին նիստերի դահլիճ և թույլ չտվեցին շարունակել նիստը, քանի որ Վրաստանի համար մեծ վիրավորանք էին համարում կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովին խորհրդարանի նախագահի աթոռին տեսնելը: Այս իրադարձություններին զուգահեռ խորհրդարանի հարակից տարածքում հավաքվել էին քաղաքացիական ակտիվիստները «Ռուսաստանը օկուպանտ է» և «Հեռացիր ու դուրս հանիր ռուսական զորքերը» վերտառությամբ պաստառներով:
Բողոքի ակցիան և բախումները
Հունիսի 20-ի ժամը 19:00-ին արդեն մեկնարկեց բազմահազարանոց ակցիան, որտեղ քաղաքացիները բողոքում էին ռուսական պատվիրակության այցի դեմ։ Ցուցարարները պահանջում էին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը:
Երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ սկսվեցին: Ակցիայի մասնակիցները փորձում էին խորհրդարան մտնել: Կեսգիշերին ներքին գործերի նախարարության հատուկ ուժայինները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառեցին ցուցարարներին ցրելու համար: Գիշերը ժամը 03:00-ի սահմաններում օգտագործվեց նաև ջրցան մեքենա, որը վերջնականապես ցրեց ցուցարարներին:
Խորհրդարանի նախագահի հրաժարականը
Ցուցարարներն ակցիայի ընթացքում պահանջում էին վարչապետի, ՆԳ նախարարի և խորհրդարանի նախագահի հրաժարականը: Ակցիան ցրելուց մի քանի ժամ անց միայն խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց:
Հունիսի 20-ի ակցիան թվերով` ստորև.
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերվա իրադարձությունները թվերով.
- առողջապահության նախարարության տվյալներով՝ կլինիկա էր տեղափոխվել 240 մարդ,
- վիրավորվել էին 34 լրագրող, 80 ոստիկան,
- վիրավորներից 2-ը կորցրել էին աչքը,
- ՆԳՆ-ն ձերբակալել էր ակցիայի 305 մասնակցի:
Ինչ հաջորդեց հունիսի 20-ին
Վրաստանում հակառուսական ակցիաներից հետո Ռուսաստանը հուլիսի 8-ից դադարեցրեց Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթերը, որոնք վերականգնվեցին այս տարի՝ 2023 թվականին։ Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը՝ չեղարկելով նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Հունիսի 20-ի ակցիան միակ մարդաշատ ակցիան չէր: Մի քանի օր շարունակ բազմահազարանոց բողոքի ակցիաներ անցկացվեցին խորհրդարանի դիմաց: Ցուցարարները պահանջում էին ձերբակալվածների ազատ արձակում, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և 2020 թվականի ընտրությունների ամբողջությամբ համամասնական ընտրակարգով անցկացում:
Իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ցուցարարներին խոստացավ բավարարել համամասնական ընտրությունների մասին նրանց խնդրանքը։ Աշնանը, սակայն, իշխող կուսակցությունը տապալեց սահմանադրական փոփոխությունների ընդունումը, իսկ ավելի ուշ ՆԳ նախարար Գիորգի Գախարիան երկրի վարչապետ նշանակվեց: