Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ 2023 թվականի հունիսի 19-ին Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ:
Հաղորդագրության համաձայն, հանդիպումը վրացական կողմից վարել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ ադրբեջանական կողմից՝ արտաքին գործերի փոխնախարար Խալափ Խալափովը։
Նշվում է, որ Վրաստան-Ադրբեջան քաղաքական խորհրդակցությունների շրջանակում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը, որը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
«Արտահայտվել է տնտեսական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն։ Անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց լուծման խաղաղ ճանապարհներին։
Կողմերը նշել են խաղաղության ու կայունության կարևորությունը և Վրաստանի ու Ադրբեջանի հատուկ ներդրումն ու համագործակցությունը տարածաշրջանի կայուն զարգացման գործում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման-սահմանազատման թեմային, մասնավորապես խոսվել է պետական հանձնաժողովների ևս մեկ նիստ անցկացնելու հնարավորության մասին։