«Մենք ձեզ անգամ կարած աչքերով ենք տեսնում», «Կարած բերանով էլ ճիշտը կասենք». Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության մի քանի տասնյակ հանքափորներ այս կարգախոսով հասել են Թբիլիսի և Վրաստանի խոհրդարանի դիմաց ցույց էին անցկանում:
Հանքափորների խոսքով, Թբիլիսի գալու նպատակն այն էր, որ իրենց խնդիրը դուրս գար Ճիաթուրայից, և իրենք մնալու են մայրաքաղաքում ու շարունակելու են հացադուլը մինչև իրենց պահանջների կատարումը։
Հավաքվածների առջև ելույթ է ունեցել հանրահավաքի կազմակերպիչներից Տարիել Միքացաձեն։ Նրա խոսքով, գործադուլ անող հանքագործները ոչ մի կուսակցության չեն պատկանում։
Ինչ է կատարվում
Արդեն 14-րդ օրն է հանքափորները պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Հանքափորներից ոմանք արդեն մի քանի օր է հացադուլ են հայտարարել:
«Ջորջիան Մանգանեզ»-ի գլխավոր տնօրեն Լաշա Թութբերիձեի խոսքով, անտրամաբանական է, որ աշխատակիցները հիմա խոսում են աշխատավարձերի բարձրացման մասին, քանի որ ընկերությունը շահույթ չի ստանում:
«Մենք համաձայն ենք և պատրաստ ենք բարձրացնել աշխատավարձը՝ ապագա ֆինանսական արդյունքներին զուգընթաց»,- ասել է Թութբերիձեն:
Տնօրենի խոսքով, այսօր ընկերության վնասը կազմում է մոտ 12 մլն դոլար, իսկ աշխատակիցների համար լրացուցիչ 15 տոկոս աշխատավարձի բարձրացումը նշանակում է լրացուցիչ 10 մլն դոլարի վնաս։
Ի դեպ, հանքափորներն ի սկզբանե պահանջում էին 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, սակայն ընկերությունը համաձայնել էր աշխատավարձը բարձրացնել միայն 5 տոկոսով:
Գործադուլավորներն ընկերությանը 14 պահանջ են առաջադրել: Բացի աշխատավարձի բարձրացումից, հանքափորներն իրենց հիմնական պահանջներից են համարել նաև հետևյալը.
- գործող ժամանակացույցի/պլանի ավարտի սահմանում մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը,
- բոլոր բանկերում վարկի տոկոսների հաշվարկման կասեցում և վճարման հետաձգում, մինչ այժմ կուտակվածի փոխանցում,
- ապահովագրության փոփոխություն և պայմանների բարելավում,
- աշխատողների արձակուրդի իրավունք,
- տեխնիկական մասի թարմացում/բարելավում,
- անվտանգության վերահսկում և այլն:
«Ջորջիան Մանգանեզ»-ի հայտարարության համաձայն, պատրաստ են աշխատակիցներին առաջարկել թարմացնել աշխատանքը հին աշխատանքային գրաֆիկով։ Ընկերությունը համաձայն է ընդունել մի քանի որոշում.
- վերադարձ հին աշխատանքային պայմաններին մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը՝ 12-ժամյա աշխատանքային գրաֆիկով,
- առաջին փուլում աշխատավարձը կբարձրանա 5 տոկոսով, ընկերությունը պատրաստ է նաև եկամտաբերության բարձրացմանը զուգընթաց շարունակել աստիճանաբար բարձրացնել աշխատավարձերը,
- ընկերությունում աուդիտ անցկացնել:
Ուշագրավ է, որ սրան նախորդել են աշխատակիցների բողոքի ծայրահեղ ձևերը՝ հացադուլ են սկսել, աչքերն ու բերանն են կարել։
Նշենք՝ «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն այն խոշոր ընկերություններից է, որը միավորում է Զեստափոնիի ֆեռոհամաձուլվածքների գործարանը, Ճիաթուրայի լեռնահարստացման կոմբինատը, Վարցիխիի հիդրոէլեկտրակայանը և «Փերոմեդ» կլինիկան։ Ընկերությունը բարձրորակ ֆեռոհամաձուլվածքների խոշորագույն արտադրողն ու արտահանողն է։ Նրա արտադրանքը միջազգային շուկայում գնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ռուսաստանը և այլն։
«Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն Վրաստանի հիմնական գործատուներից է։