«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ուսումնասիրել է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների (Ախալցիխե, Նինոծմինդա, Ախալքալաք, Ասպինձա, Ադիգենի և Բորջոմի) պաշտոնյաների 2022-2023 թվականների հայտարարագրերը:
TI-ն պնդում է, որ ուսումնասիրված հայտարարագրերի մեկ քառորդը լրացված է խախտումներով։ Ըստ ՀԿ-ի՝ Ախալցիխեում խախտումներով հայտարարագրեր է լրացրել առնվազն 12 պաշտոնատար անձ։
«Մենք ուսումնասիրել ենք մունիցիպալիտետների և ավագանիների, մունիցիպալ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական կազմակերպությունների 202 պաշտոնյայի հայտարարագիր:
Դրանցից 50-ում հայտնաբերվել են խախտումներ և փաստական անճշտություններ: Ադիգենիի, Բորջոմիի և Ասպինձայի քաղաքապետերը, ինչպես նաև Ախալցիխեի սակրեբուլոյի նախագահը խախտումներով են լրացրել իրենց հայտարարագրերը»,- նշել է ՀԿ-ն:
TI-ի փոխանցմամբ՝ բացահայտվել է պաշտոնեական անհամատեղելիության 31 դեպք, պետական գնումներով զբաղվում են 4 պաշտոնյաների հետ կապված ընկերություններ։