Գախարիան միանում է կենդանիների պաշտպանության ակցիային

Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան միանում է կիրակի օրը՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ին խորհրդարանի մոտ նախատեսված կենդանիների իրավունքների պաշտպանության ակցիային:

Գախարիան նշել է՝ վերջին շրջանում, ցավոք, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը Վրաստանում ավելի է տարածվում։

«Այն, թե ինչպես են վերաբերվում մեր չորքոտանի ընկերներին ցանկացած հասարակությունում, խիստ մտահոգիչ է: Որպեսզի ցույց տանք, թե որքան ենք սիրում մեր չորքոտանի ընկերներին, եկեք հավաքվենք կիրակի օրը՝ ժամը 19:00-ին, խորհրդարանի դիմաց»,- նշել է Գախարիան։

Ի դեպ, հունիսի 15-ին ֆեյսբուքյան «Թաթեբի» էջը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես են գիշերը մեքենայից կրակում շան ուղղությամբ: Իսկ, երբ  ընկած շունը փորձում է վեր կենալ և փախչել, քաղաքացին իջնում է մեքենայից, մոտենում շանը և նորից կրակում։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնում են, որ նշված անձը ձերբակալված է քրեական օրենքի 259-րդ հոդվածով, որը նշանակում է խոշտանգում կամ դաժան վերաբերմունք կենդանու նկատմամբ։