Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլիեի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Բելգիայի Թագավորության միջև տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր և կենտրոնացել միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հնարավորությունների վրա։ Հանդիպմանը դրական է գնահատվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկու երկրների սերտ գործընկերությունը, ընդգծվել են առևտրատնտեսական, ներդրումների, զբոսաշրջության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։
«Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ հանդիպմանը վարչապետը հանգամանորեն խոսել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի և Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների զգալի մասի իրականացման մասին։ Իրակլի Ղարիբաշվիլին ուշադրություն է հրավիրել Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչելու պատմական որոշման վրա և ընդգծել տարեվերջին երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Վրաստանի վարչապետը նշել է, որ այս տարի առաջին անգամ Վրաստանը որպես հյուրընկալող երկիր ներկայացված է այնպիսի բարձր մակարդակի միջազգային մշակութային փառատոնում, ինչպիսին «Եվրոպալիան» է։ Ղարիբաշվիլիի խոսքով, փառատոնն ամբողջությամբ նվիրված է Վրաստանին, ինչը կբարձրացնի Բելգիայի Թագավորությունում և ամբողջ Եվրոպայում իրազեկվածությունը երկրի մասին և էական խթան կհաղորդի Վրաստանի եվրոպական մշակույթի առաջմղմանը։
Ըստ հաղորդագրության՝ Ղարիբաշվիլին գրառում է կատարել հյուրերի գրքում:
Վարչապետի հետ հանդիպումից հետո նախագահ Էլիան Տիլիեն վրացական պատվիրակության հետ շրջայց է կատարել Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատմական շենքում։