Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շարունակում է հանդիպումները Բրյուսելում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետին աշխատանքային ճաշի է հրավիրել, տեղեկացնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ Ղարիբաշվիլի-Միշել հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։ Կողմերը քննարկել են Վրաստանի ձեռք բերած առաջընթացը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման առումով։ Ընդգծվել է, որ Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը պատմական որոշում է, իսկ տարեվերջին Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելը կարևոր նշանակություն կունենա երկրի համար, այդ թվում՝ ներքաղաքական բևեռացմանը վերջ տալու առումով:
«Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանի անվտանգության միջավայրին, Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող ծանր անվտանգությանն ու հումանիտար իրավիճակին։ Շեշտվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։
Ստեղծված իրավիճակում վարչապետը կարևորել է ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում թե՛ խաղաղության և անվտանգության խթանման, թե՛ սևծովյան տարածաշրջանում Վրաստանի և ԵՄ-ի միջև տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային կապերի խորացման տեսանկյունից»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Միշելին՝ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին աջակցելու և եվրոպական հեռանկարին աջակցելու անձնական ջանքերի համար։