Եվրահանձնաժողովը հունիսի 22-ին բանավոր զեկույց կներկայացնի Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից առաջարկությունների կատարման վերաբերյալ։
Զեկույցը կքննարկվի Եվրամիության ընդհանուր գործերի խորհրդի նիստում, որը տեղի կունենա հունիսի 21-22-ը Ստոկհոլմում։
Ի դեպ, ընդհանուր գործերի խորհուրդը Եվրամիության խորհրդի կազմավորումն է, որը հավաքվում է ամիսը մեկ անգամ՝ հիմնականում անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Խորհրդի նիստերին, կախված օրակարգային հարցերից, մասնակցում են նաև եվրոպական հարցերով պատասխանատու կամ այլ նախարարներ։
Ընդհանուր գործերի խորհուրդը զբաղվում է ընդլայնման բանակցությունների, ինստիտուցիոնալ կամ վարչական հարցերով: Այն համակարգում է Եվրոպական խորհրդի նիստերի նախապատրաստումը և դրանց հետագա աշխատանքը:
Հիշեցնենք՝ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ միայն եվրոպական հեռանկար։
Եվրամիությունը 2023-ի աշնանը կգնահատի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջընթացը ընդլայնման փաթեթի շրջանակներում։