Վրաց վերլուծաբանները փաստում են՝ Վենետիկի հանձնաժողովն ու արևմտյան գործընկերները Վրաստանից ակնկալում են «Ապաօլիգարխացման մասին» վրացական օրենքի նախագծում ներառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:
Քաղաքագետ, «Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն»-ի ղեկավար Վաժա Բերիձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ Վրաստանի իշխանությունն ինքնիշխան իրավունք ունի ընդունելու այնպիսի օրենքներ, որոնք նպատակահարմար են իր պետությանը: Ըստ նրա՝ սակայն, Եվրամիությունում գործում են հստակ օրենքներ, և եթե որևէ երկիր ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, այդ դեպքում տվյալ երկրի օրինական, քաղաքական և մյուս դաշտերը պետք է հարմարեցվեն ԵՄ-ի պահանջներին:
«Ըստ էության՝ Վրաստանի ԵՄ-ին անդամակցելը ամրագրված է Սահմանադրությամբ. անդամակցել է ուզում Վրաստանի բնակչության իշխող մեծամասնությունը, հետևաբար՝ իշխանությունը պետք է անի հնարավորը՝ ամեն կերպ ԵՄ-ին անդամակցելու համար, իսկ դրա կարևոր նախապայմանը Վրաստանի ապաօլիգարխացումն է»,- նշեց Բերիձեն:
Նրա պնդմամբ՝ արևմտյան գործընկերներն անթաքույց ասում են՝ պետք է Վրաստանն ազատել Բիձինա Իվանիշվիլիի ոչ ֆորմալ կառավարումից:
«Վենետիկի հանձնաժողովը հստակ ասում է՝ չընդունեք այս օրինագիծը, և դրա համար բազմաթիվ պատճառներ կան»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց «Վրաց-եվրոպական ինստիտուտի» (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին:
Մելաշվիլիի խոսքով, Վենետիկի հանձնաժողովն ուշադրություն է հրավիրում վրացական դատական համակարգին, քանի որ այդ կառույցի թերությունները բոլորին են հայտնի: Նրա խոսքով, հանձնաժողովն ընդգծում է, որ անհրաժեշտ են դատաիրավական բարեփոխումներ, այլ ինստիտուտների հզորացում, ինչպես նաև՝ անհրաժեշտ է այլ մեխանիզմների ստեղծում, որոնց օգնությամբ հնարավոր կլինի օլիգարխիկ համակարգի և «մեծ չափի գումարի» ներգործությունը վրացական քաղաքականության մեջ նվազեցնել.
«Վենետիկի հանձնաժողովը նաև մատնանշում է այն վտանգների մասին, որոնք կառաջանան այս օրինագծի ընդունումից հետո: Նախ՝ սա վտանգ է ազատ արտահայտվելու իրավունքի, քանի որ իշխանությունն իր օրակարգից ելնելով կարող այս կամ այն անձին օլիգարխ պիտակավորել, հետևաբար՝ կսահմանափակի ազատ խոսքի իրավունքը քաղաքականության մեջ` ազդելով ընդդիմադիրների ձայների վրա»:
Վերլուծաբան Զաալ Անջափարիձեն էլ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ արևմտյան գործընկերները և Վենետիկի հանձնաժողովը ցանկանում են, որ այս օրինագիծը չտարածվի ընդդիմության ներկայացուցիչների վրա, որոնք «համարժեք են» օլիգարխ կոչվելուն:
Նրա պնդմամբ՝ եթե այս օրինագիծը տարածվի ընդդիմադիրների վրա, ապա ընդդիմադիր առաջնորդները «կտապալվեն»:
«Ինչպես երևում է, գործընկերները ցանկանում են, որ սլաքն ուղղվի միայն Բիձինա Իվանիշվիլիի կողմը»,- նշեց վերլուծաբանը:
Ի դեպ, երեկ՝ հունիսի 13-ին, 82 կողմ, 2 դեմ ձայներով Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է վերջնական կարծիքը «Ապաօլիգարխացման մասին» վրացական օրենքի նախագծի վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը նշել է՝ Վրաստանի խորհրդարանի օրինագիծն անարդյունավետ է օլիգարխիկ ազդեցությունը տապալելու առումով։
Ծավալուն փաստաթղթում կետ առ կետ դիտարկվում են օրենքի նախագիծը և դրա թույլ կողմերը։ Եզրափակելով՝ ասվում է, որ Վրաստանը, թերի օրենքի նախագիծ ընդունելու փոխարեն, պետք է համակարգված մոտեցում ցուցաբերի օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարում։
Ի դեպ, սա առաջին եզրակացությունը չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նվիրել է ապաօլիգարխացման օրինագծին։ Մինչ այդ՝ ապրիլին, հրապարակվեց նաև միջանկյալ կարծիք, որից հետո խորհրդարանը փոփոխություններ կատարեց առաջին օրինագծում և նորից ուղարկեց հանձնաժողով։
Ավելին՝ այստեղ: