Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է վերջնական կարծիքը «Ապաօլիգարխացման մասին» վրացական օրենքի նախագծի վերաբերյալ: Վերնետիկի հանձնաժողովը նշել է՝ Վրաստանի խորհրդարանի օրինագիծն անարդյունավետ է օլիգարխիկ ազդեցությունը տապալելու առումով։
Ծավալուն փաստաթղթում կետ առ կետ դիտարկվում են օրենքի նախագիծը և դրա թույլ կողմերը։ Եզրափակելով՝ ասվում է, որ թերի օրենքի նախագիծ ընդունելու փոխարեն Վրաստանը պետք է համակարգված մոտեցում ցուցաբերի օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարում։
Ի դեպ, սա առաջին եզրակացությունը չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նվիրել է ապաօլիգարխացման օրինագծին։ Մինչ այդ՝ ապրիլին, հրապարակվեց նաև միջանկյալ կարծիք, որից հետո խորհրդարանը փոփոխություններ կատարեց առաջին օրինագծում և նորից ուղարկեց հանձնաժողով։
Վերանայված օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը քննադատական դիրքորոշում է պահպանում։ Հունիսի 12-ին հրապարակված գնահատման փաստաթղթում ասվում էր, որ գործող օրենքի նախագիծը չի կարող դիտարկվել որպես օլիգարխացման խնդրի դեմոկրատական լուծում.
«Վենետիկի հանձնաժողովն այս փուլում համոզված չէ, որ փոփոխությունները կշտկեն այն հակասությունները, որոնք օրենքի նախագիծն ունի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության չափանիշների հետ»:
Վենետիկի հանձնաժողովը եզրակացնում է, որ նշված օրինագիծը չպետք է ընդունվի, փոխարենը պետք է համակարգված մոտեցում մշակվի խնդրի վերացման ուղղությամբ։
Ըստ այդմ, Հանձնաժողովը հորդորում է խորհրդարանին չընդունել նշված օրենքի նախագիծը, իսկ օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարում պետական մարմիններին հորդորում է ձեռնարկել այնպիսի քայլեր, ինչպիսին, օրինակ, առկա համակարգային մարտահրավերների ամբողջական վերլուծությունն է։
Հիշեցնենք՝ մարտի 14-ին Վենետիկի հանձնաժողովը միջանկյալ կարծիք է հրապարակել «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել է Վրաստանի խորհրդարանը Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների շրջանակներում։ Իշխող «Վրացական երազանք»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը նման է Ուկրաինայում պատրաստված փաստաթղթին։
Վենետիկի հանձնաժողովը ապաօլիգարխացման օրինագծի վերաբերյալ հայտարարեց, որ Վրաստանից ուղարկված փաստաթուղթը հիմնված է անձնական մոտեցումների վրա և համակարգված չէ:
Ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի կարծիքի, վրացի պատգամավորները որոշ փոփոխություններ են կատարել օրինագծում։