Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին Խելվաչաուրիի մունիցիպալտետում բնակչության հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստվում են այցելել 160 գյուղ ու քաղաք, ուժեղացնել ենթակառուցվածքները, ստեղծել բանակ՝ «Ռուսական երազանքի» (նկատի ունի իշխող «Վրացական երազանքին»-խմբ.) դեմ պայքարելու համար:
ՄԱՇ նախագահն ասել է՝ կուսակցությունն ամեն օր է աշխատելու այդ ուղղությամբ:
«Ես հասկանում եմ, որ դա կարող է դաժան հնչել, բայց այո, մեզ մեծ մոբիլիզացիա է պետք, որպեսզի տապալենք ռուսական կողմին, և ՄԱՇ-ը ամենօրյա ռեժիմով աշխատելու է դրա համար»,- ասել է Խաբեիշվիլին։
ՄԱՇ-ի Խելվաչաուրիի շտաբի նախագահ Միշա Բոլքվաձեն նշել է՝ ՄԱՇ-ն այն ուժն է, որը կարող է հաղթել «ռուս օլիգարխ» Բիձինա Իվանիշվիլիին։
«Մեր մունիցիպալիտետում միլիոնավոր լարիներ են հատկացվում ջրային համակարգի, գազիֆիկացման, ասֆալտապատման վրա, սակայն այս միլիոնները միայն իրենց գրպանն են գնում, իսկ տեղացիները ոչ մի օգուտ չեն տեսնում»,- ասել է Բոլքվաձեն։