Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ծավալը կազմել է 496,6 մլն դոլար, ինչը 13,7 տոկոսով պակաս է 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներից և 53,3 տոկոսով ավելի, քան 2022 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները։
Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում բաժնետիրական կապիտալը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 17 տոկոսով և կազմել 300,2 մլն դոլար, որը ընդհանուր ՕՈւՆ-ի 60,5 տոկոսն է։ Տվյալների համաձայն, վերաներդրումը կազմել է 189,6 մլն դոլար, իսկ դրա մասնաբաժինը ՕՈւՆ-ում կազմել է 38,2 տոկոս։
Ըստ Geostat-ի՝ ՕՈւՆ-ով առաջին տեղում Նիդեռլանդներն է՝ 239,6 մլն դոլարով, երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 63,2 մլն դոլար, երրորդում՝ ԱՄՆ-ը՝ 54,7 մլն դոլար, չորրորդ և հինգերորդ տեղերը կիսում են Թուրքիան և Ռուսաստանը։
Ամենամեծ ՕՈւՆ-ն իրականացվել է վերամշակող արդյունաբերության ոլորտում՝ 226,3 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուր ՕՈւՆ-ի 45,6 տոկոսը։ Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 90,7 մլն դոլարով, երրորդում՝ տրանսպորտի ոլորտը՝ 43,3 մլն դոլարով։