Մոլդովայի ռուսամետ նախկին նախագահ Իգոր Դոդոնը կարծում է, որ Քիշնևը պետք է հետևի Վրաստանին՝ չխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Կառավարությունը պետք է պայմանավորվի դեպի Ռուսաստան անվճար արտահանման մասին, և այն պայմաններում, երբ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, փորձի մոլդավական ապրանքը հասցնել այնտեղ, ինչպես անում է Վրաստանը։ Դա տնտեսության աճ կապահովի»,- ասել է Դոդոնը։
Դոդոնի խոսքով, իրականությունից հեռու են այն պնդումները, թե Անկախ Պետությունների Համագործակցությանն (ԱՊՀ) անդամակցությունը դեմ է ԵՄ ինտեգրման ընթացքին։ Նախկին նախագահի խոսքով, ԱՊՀ-ից դուրս գալը կարող է մահացու հարված լինել Մոլդովայի տնտեսությանը և գյուղատնտեսությանը։
Ի դեպ, Դոդոնը Մոլդովայի նախագահն էր 2016-2020 թվականներին։ Նա ռուսամետ «Սոցիալիստական կուսակցության» ոչ պաշտոնական առաջնորդն է։ Դոդոնը Կրեմլին մոտ կանգնած գործիչներից է, որին իր բացահայտ աջակցությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մոլդովայի 5-րդ նախագահը պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է 2022 թվականի մայիսի 24-ին: Նա տնային կալանքի տակ էր մայիսի 26-ից, որից ազատ է արձակվել նոյեմբերի 19-ին։