Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզի Զուգդիդի քաղաքի Սուրբ Լուկասի հիվանդանոցում 5-ամյա երեխա է մահացել:
Ըստ տեղեկությունների՝ երեխան հիվանդանոց է ընդունվել երեկ երեկոյան, անգիտակից վիճակում, և չնայած մեկուկես ժամ տևած վերակենդանացման գործողություններին, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Մահվան ստույգ պատճառը հայտնի չէ։ Անցկացվել է նաև հետազոտություն, սակայն բժիշկները ոչինչ չեն կարող ասել, քանի որ չեն հասցրել երեխային ամբողջությամբ հետազոտել։
Երեխային Զուգդիդիի հիվանդանոց են տեղափոխել Ծալենջիխայից, որտեղ երեխան ծնողների մոտ անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը։
Տեղեկությունների համաձայն, դեպքից երկու օր առաջ Գուրիայում երեխան ընկել է ճոճանակից։ Ընտանիքը նրան տարել է բժշկի մոտ հետազոտության, սակայն շուտով դուրս է գրվել։ Ըստ առկա տեղեկությունների՝ հարազատները մահը կապում են հենց այդ փաստի հետ, քանի որ ըստ նրանց՝ երեխան լիովին առողջ է եղել: Երկրորդ վարկածի համաձայն՝ չի բացառվում նաև սննդային թունավորումը: