Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Չոու Չանգ Վոնին, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ կողմերը խոսել են Թաեքվոնդոյում Վրաստանի հավաքականի հաջողությունների մասին և վերանայել այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ հետագայում մարզաձևի զարգացմանը նպաստելու համար։
Ըստ հաղորդագրության՝ ուշադրություն է դարձվել վրացի մարզիչների և մրցավարների որակավորման բարձրացման և Թաեքվոնդոյի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին։ Այս համատեքստում ընդգծվել է միջազգային ֆեդերացիայի աջակցության կարևորությունը։
«Զրույցին անդրադարձ է կատարվել Թաեքվոնդոյի առաջխաղացմանը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Վրաստանում ծրագրել նշված մարզաձևում կարևոր միջազգային իրադարձություններ։
Կառավարությունում կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի ֆինանսական տնօրեն Ջերի Լինգը, Վրաստանի Թաեքվոնդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Թեիմուրազ Մղեբրիշվիլին և գլխավոր քարտուղար Լևան Փիոլիան»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: