Վրաստանից չվերահսկվող Ախալգորիի մունիցիպալիտետի Ախմաջի գյուղի մերձակայքում ռուսական ուժերը ապօրինաբար Վրաստանի քաղաքացու են ձերբակալել, փոխանցում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):
Նշվում է, որ ձերբակալվածը տեղի բնակիչ չէ, շփման գծի տարածք է մեկնել Թբիլիսիից:
«Պետական անվտանգության ծառայությունը օկուպացիոն ուժերի կողմից իրականացված ապօրինի ձերբակալման հերթական փաստի մասին տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։
Միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են միջազգային գործընկերները և Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները։ Ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար»,- ասվում է ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ի դեպ, ներկայումս Հարավային Օսիայի բանտում անօրինական բանտարկված է Վրաստանի 8 քաղաքացի: