«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակումը ծայրահեղ խուճապի նշան է. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակումը:

Երրորդ նախագահն այս քայլը ծայրահեղ խուճապի նշան է որակում: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու:

«Կարևորն այն է, որ մենք թույլ չտանք Վրաստանի օկուպացիոն իշխանություններին` մեզ հանձնել Ռուսաստանին մինչև ուկրաինացիների հաղթանակը…»,- նշել է Սաակաշվիլին:

Ի դեպ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Նովա Կախովկա» ամբարտակի վրա հարձակումը և նշել, որ ռազմական հանցագործություններին պետք է իրավական պատասխան տրվի։

Նշենք՝ հունիսի 6-ի ուշ գիշերը Ռուսաստանը պայթեցրել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի ամբարտակը։  Տեղեկության համաձայն՝ ջուրը մեծ քանակությամբ և մեծ արագությամբ շարժվում է դեպի բնակեցված տարածքներ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն արդեն առանձնացրել է առավելագույն ռիսկայնության հինգ գոտի, այդ թվում՝ Խերսոն քաղաքի մի մասը։