Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի առևտրի և էկոնոմիկայի նախարար Բեգենչ Գոչմոլաևի հետ։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկու երկրների սերտ համագործակցությանը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ուղղություններով։ Զրույցում շոշափվել են արտաքին առևտրի առումով առկա ներուժը և քննարկվել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։
«Ուշադրություն է դարձվել էներգետիկ ոլորտում Վրաստանի և Թուրքմենստանի կարևոր գործընկերությանը։ Քննարկված հարցերի թվում է եղել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։ Արտահայտվել է երկկողմ զբոսաշրջային հոսքերի հետագա աճի պատրաստակամություն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գոչմոլաևին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Թուրքմենստանի աջակցության համար։
Հանդիպմանը մասնակցել են Թուրքմենստանի առևտրի և էկոնոմիկայի նախարարության իրավական կարգավորման ու տնտեսական համակարգման վարչության պետ Միրատ Մուրադովը, Վրաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Դովլետմիրատ Մուրադովը, վրացական կողմից ներկա են եղել փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և Թուրքմենստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Սաբիաշվիլին։