Սամցխե-Ջավախեթի այցի շրջանակներում Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին Ախալքալաքում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է շրջանում լայնածավալ տեղեկատվական արշավի մեկնարկի մասին։
Պետնախարարը ներկայացրել է եռշաբաթյա արշավի նպատակները՝ նշելով, որ այն ծառայելու է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում պետական ծրագրերի և արդիական տարբեր խնդիրների մասին իրազեկվածության բարձրացմանը:
«Արշավի շրջանակներում, որն անցկացվելու է ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված մունիցիպալիտետներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդաում, Ախալցխայում և Ասպինձայում, բնակչությունը հնարավորություն կունենա տեղեկատվություն ստանալ պետական ծրագրերի և ծառայությունների մասին, որոնք գործում են Վրաստանում։
Բնակչությունը հնարավորություն կունենա տեղեկատվություն ստանալ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, սոցիալ-տնտեսական և այլ պետական ծրագրերի և ծառայությունների մասին։ Բացի այդ, շահագրգիռ խմբերը անվճար իրավաբանական օգնության հնարավորություն կստանան», — ասել է Ախվլեդիանին։
Տեղեկատվության համաձայն, որը տարածում է պետնախարարի մամուլի ծառայությունը, Թեա Ախվլեդիանին կարևորել է ոչ վրացալեզու համաքաղաքացիների լիարժեք մասնակցությունն ու ներգրավվածությունը հասարակական կյանքում, ինչը քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական քաղաքականության առաջնահերթ պայմաններից է։
Նշենք, որ պետական ծառայությունների և ծրագրերի մասին տեղեկատվական արշավ արդեն իրականացվել է Կախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում։
Հանդիպմանը ներկա են գտնվել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, պաշտոնատար այլ անձինք։