Վրաստանի վարչապետը Մոլդովայում անցկացվող Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովին կխոսի Վրաստանի մարտահրավերների, անվտանգության և եվրոպական հեռանկարի մասին: Այս մասին գագաթնաժողովի մեկնարկից րոպեներ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ես կհայտնեմ մեր դիրքորոշումը, որ Վրաստանը պատրաստ է ստանալ թեկնածուի կարգավիճակ, և, իհարկե, մեր երկիրն արժանի է այդ կարգավիճակին։ Սա միակ ճիշտ որոշումն է, որ պետք է կայացնեն մեր եվրոպացի գործընկերները»,- ասել է վարչապետը:
Վարչապետ Ղարիբաշվիլին նաև ասել է, որ պաշտոնական Թբիլիսին համերաշխություն է հայտնում բարեկամ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին.
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմը շուտ ավարտվի, վերականգնվի տարածքային ամբողջականությունը և խաղաղություն հաստատվի Ուկրաինայում և ամբողջ աշխարհում»։
Ղարիբաշվիլիի խոսքով, մեծ ցանկություն և երազանք է, որ Վրաստանի ապաշրջափակումը տեղի ունենա խաղաղ ճանապարհով, երկիրը միասնական լինի, և կառավարությունն ամեն ինչ անում է այդ նպատակին հնարավորինս արագ հասնելու համար։ Վարչապետը Վրաստանի գլխավոր մարտահրավերներից է համարել տարածքների օկուպացիան և ասել, որ, ցավոք, Վրաստանը ոչ Եվրամիության, ոչ ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի և չունի «անվտանգության երաշխիքներ»:
Վարչապետը հավելել է՝ Վրաստանի կառավարությունը պահպանել է խաղաղությունը և ամրապնդել այն:
Ի դեպ, EPC-ը Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների միջկառավարական գագաթնաժողով է, որը ստեղծվել է 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։
EPC երկրորդ հանդիպմանը մասնակցում են 47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահները։