Վրաստանի խորհրդարանի հետևի մասում ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի հորը՝ Բեքա Գրիգորիադիսին:
Սոցցանցերում տարածված կադրերում, որոնք հրապարակվել են նաև Գրիգորիադիսի ֆեյսբուքյան էջում, երևում է, որ ոստիկանները տղամարդու ձեռքից խլում են վրանը։
«Մեզ ծեծեցին, բերման ենթարկեցին, այսօր ամբողջ օրը հավաքվում էին, ուզում էին մեզ վախեցնել։ Չեմ վախենա.. կպայքարեմ մինչև վերջ…»,- ասել է Գրիգորիադիսի հայրը։
Ի դեպ, նա այդտեղ արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա անում։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մեկ անձ տեղում բերման է ենթարկվել Վարչական օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով` մանր խուլիգանություն և անհնազանդություն ոստիկանությանը։
Հիշեցնենք՝ 21-ամյա Լազարե Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ի գիշերը։ Նա մեղադրվում է ռուսական օրենքի դեմ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեջ։ Նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։ Մարտի 31-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը։