Ըստ Մդինարաձեի՝ իշխանությունն ի վնաս Վրաստանի որոշում չի կայացնի

«Վրացական երազանք» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ արձագանքել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հայտարարությանը Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։

«Նախ՝ շնորհակալություն ԵՄ դեսպանին` շեշտելու համար, որ դա միակողմանի որոշում էր։ Սակայն, եթե անաչառ լինենք, ապա նրա հայտարարության երկրորդ մասում ​​անճշտություն կար այն մասին, որ այս որոշման կատարման համար անհրաժեշտ էր Վրաստանի կառավարության հավանությունը», — ասել է Մդինարաձեն։

Նաև հավելել է. «Եթե ​​խոսքը տեխնիկական հարցերի մասին է, ըստ որի` թույլտվություն պետք է տա Օդանավակայանների ասոցիացիան, ապա այդ սուբյեկտների մերժումը կլինի Ռուսաստանի դեմ դե ֆակտո պատժամիջոցների կիրառում։ Վրաստանը դե ֆակտո կամ այլ պատժամիջոցներ չի սահմանում ՌԴ-ի դեմ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Առաջին հերթին այն պատճառով, որ դա կվնասի Վրաստանին, նրա քաղաքացիներին։ Մենք չենք պատրաստվում այնպիսի որոշում ընդունել, որը կվնասի մեր քաղաքացիներին ու երկրին»,- ասել է Մդինարաձեն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականի ամառվանից Վրաստանի հետ չեղարկված ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։

Վրացական Georgian Airways ընկերությունը մայիսի 20-ից սկսել է կանոնավոր չվերթերը Թբիլիսիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ։ Մայիսի 19-ին ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը սկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել, որի առաջին թռիչքն օդանավակայանում ուղեկցվել է բողոքի ցույցով։