Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Եվրամիության բոլոր դեսպանների հետ հանդիպել է փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթերի վերականգնման մասին դեմարշի դիմելու նպատակով։
Հերչինսկու խոսքով, փոխվարչապետի հետ տեղի է ունեցել «շատ բաց և անկեղծ» զրույց։
«Ինձ հանձնարարվել էր Վրաստանի իշխանություններին փոխանցել Եվրամիության դիրքորոշումը, որը համաձայնեցվել է Եվրամիության 27 երկրների մայրաքաղաքներում և Բրյուսելում։ Ինձ հետ էին Թբիլիսիում գտնվող բոլոր դեսպանները։ Մենք փոխվարչապետին փոխանցեցինք, որ ափսոսում ենք Ռուսաստանի հետ ուղիղ չվերթերի հարցում Վրաստանի կառավարության համաձայնության համար», — ասել է Հերչինսկին։
Հերչինսկին նշել է՝ ճիշտ է, չվերթերի վերականգնումը Ռուսաստանի միանձնյա որոշումն էր, սակայն դրա համար անհրաժեշտ էր նաև Վրաստանի կառավարության հավանությունը:
Նրա խոսքով, Դավիթաշվիլիի փաստարկը նույնն էր, ինչ նախկինում լսել էին Վրաստանի կառավարությունից` պատժամիջոցների տակ գտնվող ավիաընկերությունները Վրաստանում թռիչքներ չեն իրականացնում։
ԵՄ 27 երկրների դեմարշը ՌԴ-ի հետ թռիչքների վերսկսման պատճառով