Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն ասել է, որ իշխող կուսակցության հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են միմյանցից։
Ըստ նրա՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահի քննադատությունը շատ ցավալի է ընկալում:
«Եթե նախագահի քննադատությունն անարդար է, ուրեմն պետք է ինչ-որ փաստարկներ ունենան… Ցավոք, «Վրացական երազանքը» չճանաչեց նախագահին ու չընկալեց նրա հոգեկան կերտվածքը»,- ասել է Մսխիլաձեն:
Նա նաև հիշել է վերջին դեպքերից մեկը, երբ, իր գնահատմամբ՝ նախագահի քննադատությունը որակում էին որպես «դեմքը կորցնելու» արտահայտություն:
Ի դեպ, այսօր՝ մայիսի 29-ին, իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի անունից հայտարարություն է տարածվել, ըստ որի` Զուրաբիշվիլիի ելույթները «բացասաբար են ընկալվում ու գնահատվում», և «նման ընկալումն ու գնահատականը ամուր օբյեկտիվ հիմք ունեն»։
Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, և Վրաստանը սկսեց աշխատել ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու ուղղությամբ, Վրաստանի նախագահը քննադատաբար արտահայտվեց իշխող կուսակցության և կառավարության նկատմամբ: Վերջին նման դեպքերից մեկը երկու օր առաջ էր՝ մայիսի 27-ին, երբ Զուրաբիշվիլին մեղադրեց կառավարությանը՝ արձանագրությունը խախտելու մեջ։
Իշխանությունը կասկածահարույց է համարում նախագահի գործունեությունը