Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ), որոնք վերահսկում են կառավարության կողմից ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ առաջարկությունների կատարումը, նշել են՝ ի տարբերություն իշխող կուսակցության, Բրյուսելի կարծիքով` դեռ կարևոր քայլեր կան, որ պետք է ձեռնարկվեն։
ՀԿ-ների համատեղ ճեպազրույցում խոսվել է մայիսի 22-25-ը Բրյուսելում ԵՄ կառույցների և անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասների մասին։
«Մոտ 5 ամիս է մնացել, որ Եվրահանձնաժողովը ներկայացնի Վրաստանի գնահատման զեկույցը… Մենք կարծում ենք, որ կառավարությունը պետք է հաշվի առնի վրաց ժողովրդի եվրոպական ձգտումը, ցուցաբերի քաղաքական կամք, հավատարմություն եվրոպական արժեքներին և ձեռնարկի համապատասխան միջոցներ, լուծումներ»,- նշել են ՀԿ-ները:
Ըստ նրանց՝ Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականներից մի քանիսի կատարումը քիչ թե շատ դրական է գնահատվել: ՀԿ-ները նշել են՝ ցավոք, մտահոգություններ են արտահայտվել այնպիսի կարևոր առաջնահերթությունների ոչ ժամանակին իրականացման վերաբերյալ, ինչպիսիք են ապաբևեռացումը, անկախ դատական համակարգը, ապաօլիգարխացումը, ազատ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը Վրաստանի իշխանությունների ներկայացրած բարեփոխումների որոշումների կայացման գործընթացում.
«Որպես թեկնածուի կարգավիճակ ստանալու նախադրյալ` շեշտվեց վրացական կողմից այդ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայությունը»:
ՀԿ-ների խոսքով, Եվրամիության կառույցների ներկայացուցիչները կրկին իրենց հիասթափությունն են հայտնել Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության մասին որոշման առնչությամբ։
Ի դեպ, անցյալ տարի Եվրամիությունն Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։