Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է «արմատական ընդդիմադիր» ուժերի նկատմամբ կողմնակալության մեջ։
Կուսակցության անունից տարածված հայտարարության մեջ գրված է, որ նախագահի հայտարարությունները «բացասաբար են ընկալվում ու գնահատվում», իսկ «նման ընկալումն ու գնահատականն ունեն ամուր օբյեկտիվ հիմք»։
«Չնայած այն հանգամանքին, որ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին գործողությունները բնութագրվում են ծայրահեղ ոչ օբյեկտիվությամբ և քաղաքական կողմնակալությամբ, ինչը կոպտորեն հակասում է անկուսակցական սահմանադրական պաշտոնյայի գործառույթին, մեր դիրքորոշումն այն է, որ պետք է ձեռնպահ մնալ Վրաստանի նախագահին քննադատելուց:
Մեր պարտականությունն է չնպաստել նախագահի ինստիտուտի վատթարացմանը: Նույն նպատակով մենք մեզ պարտավոր ենք համարում թույլ չտալ, որ որևէ մեկը խորացնի քաղաքական առճակատումը»,- նշված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ «Վրացական երազանքը» 2018 թվականի նախագահական ընտրություններում սատարել է Զուրաբիշվիլիին՝ ակնկալիքով, որ նա պատշաճ կերպով կկատարի անկուսակցական նախագահի գործառույթը խորհրդարանական կառավարման համակարգում։
Ի դեպ, այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, և Վրաստանը սկսեց աշխատել ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու ուղղությամբ, Վրաստանի նախագահը քննադատաբար է արտահայտվել իշխող կուսակցության և կառավարության նկատմամբ: Վերջին նման դեպքերից մեկը երկու օր առաջ էր՝ մայիսի 27-ին, երբ Զուրաբիշվիլին մեղադրեց կառավարությանը՝ արձանագրությունը խախտելու մեջ։