Փաշինյանը Վրաստանի նախագահին և վարչապետին շնորհավորական ուղերձներ է հղել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Տեղեկությունը տարածում է վարչապետի պաշտոնական էջը:

Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն կառուցելու նպատակով՝ ավելի քան մեկ դար առաջ այս օրը վրացի ժողովուրդը վճռական քայլ կատարեց անկախության վերականգնման ուղղությամբ և այսօր էլ հաստատուն քայլերով շարունակում է իր ուղին։

Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»:

Վրաստանի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման 105-րդ տարեդարձի կապակցությամբ։

Պետականության կերտման ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել, սակայն հայ և վրացի ժողովուրդներն իրենց հետևողական պայքարի շնորհիվ ապացուցել են անկախ պետություն ունենալու իրենց իրավունքը և այսօր էլ, հավատարիմ մնալով իրենց ձգտմանը, շարունակում են սերտորեն համագործակցել պետականաշինության գործում:

Վստահ եմ, որ առկա փոխգործակցության ներուժը և գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը հետագայում ևս կնպաստեն ու նոր խթան կհաղորդեն հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերությունների ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Գնահատելի համարելով բարեկամ Վրաստանի ձեռքբերումները՝ հավաստիացնում եմ, որ Հայաստանը Վրաստանի համար վստահելի բարեկամ ու հարևան պետություն է և այդպիսին մնալու է։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»: