Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Անկախության օրվա առթիվ վրաց ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում վստահեցրել է՝ ԱՄՆ-ն հպարտությամբ կշարունակի Վրաստանի հետ գործընկերությունը, ինչպես անցած տարիներին:
Հայտարարության համաձայն, անկախության և ինքնիշխանության համար պայքարի ոգին հատկապես ակնհայտ է Վրաստանի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումներում։
«Վրաց ժողովրդին՝ ամերիկյան ժողովրդից: Ձեր հարուստ, դարավոր պատմության ընթացքում դուք անխոնջ պայքարել եք անկախության և ինքնիշխանության համար և պաշտպանել եք այն։ Այս ոգին կենդանի է ձեր մեջ, ինչպես երբևէ, հատկապես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու և Վրաստանի ապագա սերունդների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու ձեր ձգտումներում…
Շնորհավորում ենք Անկախության օրվա առթիվ, Վրաստան»,- նշված է շնորհավորական նամակում:
Այսօր Վրաստանը նշում է առաջին հանրապետության անկախության օրը։
1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։
Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։