ՌԴ քաղաքացիները Թբիլիսիով Եվրոպա. հայտարարվում է տարանցիկ թռիչքների մասին

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ տարանցիկ թռիչքներ է սահմանելու Ռուսաստանի քաղաքացիներին Թբիլիսիով Եվրոպա տեղափոխելու համար։ Այս մասին ռուսական RTVI-ին ասել է ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին։

Գաիաշվիլին մանրամասնել է, որ ծրագրում կա 5 եվրոպական քաղաք՝ Միլան, Փարիզ, Վիեննա, Լառնակա և Սալոնիկ։

«Մենք սկսելու ենք հունիսի 15-ից։ Տեսնենք, թե ինչպես կընթանա: Բայց կարծում եմ, որ այս երթուղիների համար բավական պահանջարկ կլինի։ Թբիլիսիով ավելի հարմարավետ ու արագ կլինի»,- ասել է Գաիաշվիլին:

Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը կպահպանվի:

Ի դեպ, ինչպես հայտնի է, եվրոպական երկրներին արգելված է ուղիղ չվերթեր կատարել դեպի Ռուսաստան, հետևաբար ՌԴ քաղաքացիներին ԵՄ երկրներ հասնելու համար անհրաժեշտ են տարանցիկ թռիչքներ։

Հիշեցնենք. մայիսի 10-ին Մոսկվան չեղարկել է դեպի Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումները։ Այս որոշումը Մոսկվայում անվանել են «մարդասիրական»։

Վրաստանի կառավարությունը ողջունում է Մոսկվայի որոշումը և ասում, որ դա կհեշտացնի Ռուսաստանում ապրող «միլիոն վրացիների» կյանքը։ Որոշ քաղաքական գործիչներ և քաղաքացիներ բողոքում են օդային հաղորդակցության վերականգնման դեմ։

Թռիչքի թույլտվություն արդեն ստացել են երեք ընկերություններ՝ ռուսական «Ազիմուտը», Red Wings-ը և վրացական Georgian Airways-ը։