Վրաստանի կառավարությունը պարզաբանել է, թե ինչու, ի տարբերություն նախորդ տարվա, Անկախության օրվա՝ մայիսի 26-ի կապակցությամբ, Եվրամիության դրոշը չի զարդարում խորհրդարանի շենքը:
Ըստ կառավարության՝ ամեն տարի տոնական ձևավորումն իրականացվում է տարբեր թեմաներով։ Նրանց պարզաբանմամբ՝ արդեն տարիներ է, ինչ Վրաստանի Անկախության օրը վերածվել է պետական տոնի, և 2016 թվականից սկսած` ամեն տարի այդ օրը ձեռք է բերում լրացուցիչ թեմա, որի շուրջը կառուցվում են քարոզարշավ, կարգախոս, քաղաքային զարդարանք և այլն: Այս տարի մայիսի 26-ի ուղերձն է՝ «Ազատության սիրով»։
«Մայրաքաղաքի և ամբողջ Վրաստանի արտաքին տեսքը զարդարված էր ազգային խորհրդանիշներով։ Անցյալ տարվա թեման էր` «Դեպի Եվրոպա»։ Օրինակ՝ 2018 թվականին Վրաստանը նշում էր անկախության 100-ամյակը, 2017 թվականն ամբողջությամբ նվիրված էր Ռուսթավելիի 850-ամյակին՝ «Ես Ռուսթավելիի երկրից եմ» թեմայով, և հետևաբար՝ քաղաքի զարդարանքը և շնորհավորական տեսահոլովակների բովանդակությունը նույնպես համապատասխանում էին այդ կարգախոսներին»,- հայտնել են Վրաստանի կառավարությունից:
Ի դեպ, Վրաստանի մի շարք քաղաքացիներ սոցցանցում բողոքել են, որ այս տարի Անկախության տոնի զարդարանքում չկա Եվրամիության դրոշը, և այս փաստը կապել են իշխանության կուրսի փոփոխության հետ։