Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը Վրաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարության հետ։ Կոլոմինան Օրբելյան պալատում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Խավիեր Կոլոմինան հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ։ Ըստ նախարարության հաղորդագրության, նախարարը շնորհակալություն է հայտնել Կոլոմինային Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը կողմերը խոսել են տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրի և մարտահրավերների մասին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան Կոլոմինայի հետ հանդիպմանը քննարկել է այս տարվա հուլիսին նախատեսված ՆԱՏՕ-ի` Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստման գործընթացը։ Ինչպես նշել են ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանի անվտանգության միջավայրին։ Դաշինքը կրկին հավաստիացրել է, որ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Կոլոմինան հանդիպել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խոսվել է Վրաստանի անվտանգության մարտահրավերների մասին։ Նա նշել է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո հատկապես կարևոր է Վրաստանի առաջընթացը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։
Խավիեր Կոլոմինան հանդիպել է նաև «Ազգային շարժում», «Հանուն Վրաստանի», «Լելո՝ Վրաստանի համար» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։