«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության մեծամասնությունը չեզոք կամ դրական է վերաբերվում հասարակական կազմակերպություններին (ՀԿ):
Հարցվածների 32 տոկոսը համաձայն է այն կարծիքին, որ Վրաստանում գործող ՀԿ-ներն աշխատում են իրենց համար կարևոր հարցերի շուրջ, 26 տոկոսը համաձայն չէ այդ կարծիքին, իսկ 25 տոկոսը ոչ համաձայն է, ոչ էլ՝ համաձայն չէ։
Ըստ հետազոտության՝ ՀԿ-ների նկատմամբ բացասական վերաբերմունք ոչ մի ժողովրդագրական խումբ չի արտահայտել, թեև երիտասարդներն ու ընդդիմության կողմնակիցները համեմատաբար ավելի դրական են վերաբերվում նրանց:
NDI-ի գնահատմամբ՝ Վրաստանում գործող ՀԿ-ների նկատմամբ դրական վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է ծառայություններ մատուցող ՀԿ-ներով։
Հետազոտության դաշտային աշխատանքն իրականացվել է այս տարվա մարտի 17-23-ը՝ հեռախոսային հարցումների մեթոդով։ Հարցազրույցներն անցկացվել են վրացերեն, ադրբեջաներեն, հայերեն և ռուսերեն լեզուներով։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 1 032 ավարտված հարցազրույց: Հարցազրույցներն անցկացվել են Վրաստանի ողջ բնակչության շրջանում (բացի օկուպացված շրջաններից): Արդյունքների սխալի սահմանը +/- 2 տոկոս է: